Հայաստանում օրենքները նույն ազդեցությունը պետք է ունենան բոլոր թեկնածուների վրա եւ եթե թեկնածուներից մեկի շտաբի պետը ԱԺ պատգամավոր է, չի նշանակում, որ նա վեր է օրենքներից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հրազդանի քաղաքապետ ու քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի շտաբի պետի իրավական հարցերով տեղակալ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ. ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից մարտի 21-ին Հրազդանի մի շարք դպրոցներ այցելություններին:
«Հանրակրթական հաստատություններում քաղաքական եւ քարոզչական գործունեություն իրականացնելը «Ընտրական օրենսգրքի» եւ «Հանրակրթության մասին» օրենքների կոպիտ խախտում է, ինչը եւ արել է Հրազդանի դպրոցներում որպես թեկնածուներից մեկի շտաբի պետ ներկայացած անձը: Մենք ստացել ենք ահազանգը եւ անմիջապես մեր շտաբի ուժերով տեսալուսանկարահանման միջոցով ֆիքսել ընտրական գործընթացի այդ կոպիտ խախտումները: Երեկ համապատասխան նամակով դիմել ենք Գլխավոր դատախազին եւ տվյալ միջադեպը ուսումնասիրելու, եւ պատասխանատվության ենթարկելու եւ ապագայում նման խախտումները կանխելու համար: Զարմանալի է, որ ընդդիմադիր կեցվածքով օրենքի ջատագովը իրեն փորձում է վեր դասել օրենքներից»,-նշել է Վարդան Հարությունյանը:
Նշենք, որ իր հերթին Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, պարզելու համար, թե ովքեր են իրեն հետեւել եւ լուսանկարել Հրազդանում, ում հանձնարարությամբ եւ արդյոք նրանք զինված են եղել:
Ինչ վերաբերում է դպրոցներ այցելելուն, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական եւ քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։ Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ»:




























