Մարտի 21-ին պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը երիտասարդ գրողների հետ համատեղ նախաձեռնել էր այցելություն ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որի ժամանակ ՔԿՀ գրադարանը համալրեցին շուրջ 60 կտոր գրականությամբ:
Երիտասարդ գրողներն ասմունքեցին` հատվածներ ներկայացնելով իրենց իսկ ստեղծագործություններից:
Դատապարտյալները կատարել են իրենց հեղինակած ստեղծագործությունները, որոնք այնքան էին տպավորել ներկաներին, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք հրատարակելու շուրջ:
Շնորհակալություն հայտնելով պոեզիայի համաշխարհային օրն իրենց հետ նշելու համար` դատապարտյալները հույս հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկի գրադարանը կհամալրվի նաեւ մասնագիտական գրականությամբ:
Նշյալ օրվա կապակցությամբ մարտի 22-ին քրեակատարողական հիմնարկների հոգեւոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը եւ դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այցելեցին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Ներկաներին ողջունելուց եւ հյուրին ներկայացնելուց հետո Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը խոսեց օրվա խորհրդի մասին, կարեւորեց ընթերցանության դերը մարդու աշխարհայացքի ու նրա արժեհամակարգի ձեւավորման գործում:
Ծավալված անմիջական ու անկեղծ զրույցի ընթացքում անդրադարձան Կ. Խոդիկյանի ստեղծագործություններին, ապա կին դատապարտյալները նաեւ ասմունքեցին:
Հանդիպման ավարտին Կ. Խոդիկյանը իր հեղինակած գրքերից նվիրեց դատապարտյալներին, իսկ դատապարտյալ կանայք էլ վերջինիս` իրենց ձեռքով պատրաստած կավե հուշանվեր` երախտագիտություն հայտնելով հանդիպման եւ հետաքրքիր զրույցի համար:



























