Յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Կառավարությունում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Մենք շարունակում ենք Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շատ լավ գիտակցելով, որ աշխատում ենք մի փաստաթղթի վրա, որը տասնամյակներ շարունակ մեր տնտեսության համար ունենալու է ուղղորդիչ նշանակություն: Այսօր կշարունակենք նախորդ քննարկումներում կիսատ մնացած հարցերի դիտարկումը: Սկզբունքը մնում է նույնը՝ յուրաքանչյուր լուծում պետք է ուղղված լինի հարկային համակարգի պարզեցմանը, այն ավելի արդյունավետ դարձնելուն և որ ամենակարևորն է՝ նպաստի տնտեսության զարգացմանը, ներդրումների ավելացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը»,-ընդգծել է վարչապետը:
Քննարկման ընթացքում ամփոփվել են հարկատեսակների և հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ նախատեսվող փոփոխությունները, դրանց առնչությամբ ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:





























