Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մարտի 21-ին գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիճակը վիրահատությունից հետո սկսել է բարելավվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Վերակենդանացման բաժանմունքում գտնվող 75-ամյա կնոջը միացված արհեստական շնչառական ապարատն անջատել են: Ռոզա Հարությունյանի գիտակցությունը տեղն է, սակայն, դեմքի  վնասվածքների պատճառով չի կարողանում խոսել:

Նշենք, որ Ռոզա Հարությունյանի վիրահատությունը տեւել էր 4 ժամ, վիրահատարանում միաժամանակ աշխատել էին վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: Հատուկ իմպլանտի միջոցով բժիշկներին հաջողվել է վերականգնել կոտրված աջ այտոսկրը: Աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:

Նշենք, որ կինը գայլի հարձակման էր ենթարկվել անասնագոմի մոտ: Նա ձեռքերի ու դեմքի վնասվածք ունի, դեմքի մի մասը, կարելի է ասել՝ չկա: