Ֆրանսիայում այս տարի ապրիլի 24-ին նույնպես ցույցեր կացկացվեն, որի թեման կլինի «Արդարության քայլարշավը»: Այս մասին այսօր` մարտի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ 100-ամյակով ոչինչ չի վերջանում»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` վերջին տարիներին էլ առավել զարգացել են Հայաստանի հարաբերությունները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Ըստ նրա` Ֆրանսիայի նախագահը, շարունակում է «թիկունք կանգնել» Հայ դատին, ինչի ապացույցն է այն, որ նա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում էր:

«Մենք մշակել ենք տասնհինգ տարվա հարաբերություն Ֆրանսուա Օլանդի հետ: Երբ նա  հասավ իշխանության, համաձայնություն ունեցանք, որ ինքը պետք է հարգի իր խոստումները: Թուրքիան նպատակ դրեց զարգացնել, արագացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որ տպավորություն ստեղծվի, թե Օլանդը ծախեց հայերին, բայց այդպես չէ»,- ասաց Մուրադ Փափազյանը` նշելով, որ իրենց մասնակցությունը Հայ դատի մեջ բավական մեծ է, ինչը Թուրքիան հասկանում է եւ լուրջ միջոցներ է ներդնում հակահայկական քարոզչության գործում: