Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր՝ մարտի 23-ին, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության եւ Քուվեյթի Պետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» միջպետական համաձայնագիրը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը եւ Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն:
Վարչապետը ողջունել եւ կարեւորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներին զուգահեռ կարեւոր է նաեւ իրավական դաշտի կարգավորումը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ իրավական դաշտում փորձի փոխանակումը եւ փորձագետների փոխայցելությունները կամրապնդեն Հայաստանի եւ Քուվեյթի բարեկամական փոխգործակցությունը, ինչպես նաեւ կնպաստեն տարբեր ոլորտներում կապերի զարգացմանը:




























