Երեւանում Նիդեռլանդների արտաքին գործերի հատուկ ներկայացուցիչ Օննո Հատինգայի եւ Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Լանգենբերգի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը եւ հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հատինգայի գնահատմամբ ԵՄ հարեւանության քաղաքականության եւ  Արեւելյան գործընկերության ծրագիրը թեեւ խարսխված է մի քանի հիմնադրույթների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ օրենքի գերակայությունը, բայց  չափազանց կարեւորվում է նաեւ ազատ առեւտրի գոտու գաղափարը: Նա նկատել է, որ մասնակից երկրները իրենց օրենսդրությունը եւ տնտեսությունը ԵՄ-ին համապատասխանեցնելու ճանապարհին կարճաժամկետ հատվածում խնդիրներ են ունենում, բայց երկարաժամկետ հատվածում օգուտներ կակընկալվեն:

Վարդան Այվազյանը համաձայնել է Հատինգայի այն տեսակետին, որ քաղաքական առումով կարճաժամկետ հատվածը  հրապուրիչ է, բայց տնտեսական ոլորտում այն չի կարող մեծ արդյունքներ ունենալ: Եվրաինտեգրման գործընթացը, որը ենթադրում է օրենքների համապատասխանեցումից մինչեւ տնտեսական չափանիշների համապատասխանեցում, մեր երկրի որդեգրած քաղաքականությամբ պայմանավորված, անխուսափելի  է, բայց պահանջում է մանրակրկիտ ու հետեւողական աշխատանք, ուստի դրանք երկարաժամկետ գործընթացներ են: Խնդիրները պայմանավորված են ինչպես ներքին տնտեսական, այնպես էլ արտաքին կամ աշխարհաքաղաքական գործոններով: Պարոն Այվազյանը հյուրերին ծանոթացրել է նաեւ տնտեսական ոլորտին վերաբերող ՀՀ օրենսդրության մեջ կատարված առաջընթաց քայլերին:

Քննարկվել են  բնական եւ ձեւավորված մոնոպոլիաներին, ազատ տնտեսական մրցակցությանը, պետական գնումների ազատ մրցակցությանը, Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցությանը եւ ներդրումային քաղաքականությանն առնչվող հարցեր: