Վերջին տարիներին հայ-քուվեյթյան համագործակցությունը դինամիկ զարգանում է: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների եւ իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բարեկամ Քուվեյթի հետ ձեւավորված բարիդրացիական հարաբերությունները: Վարչապետի խոսքով՝ արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամական հարաբերությունների հիմքում ընդհանուր պատմությունն է, որի հիման վրա այսօր զարգանում են միջպետական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը ողջունել է պարոն Յաքուբ ալ-Սանիեի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանը եւ խորացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն նշել է, որ Քուվեյթում ջերմությամբ են հիշում ՀՀ վարչապետի՝ 2015 թ. մարտին կատարած պաշտոնական այցը եւ Հովիկ Աբրահամյանին փոխանցել Քուվեյթի էմիրի եւ վարչապետի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորվել են ամուր հարաբերություններ, եւ առկա է փոխադարձ կամք՝ դրանք ակտիվացնելու եւ ընդլայնելու համար: Պարոն Յաքուբ ալ-Սանիեն  գոհունակություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության ընթացքից եւ նշել, որ հանդիպումից հետո նախատեսվող համաձայնագրի ստորագրումը կնպաստի իրավական ոլորտում փոխգործակցության զարգացմանը:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-քուվեյթյան կապերի աշխուժացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կառավարության ղեկավարը կարեւորել է միջկառավարական եւ միջխորհրդարանական ձեւաչափերով համագործակցության սերտացումն ու խորացումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Քուվեյթի իշխանություններին՝ տեղի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հարգալից վերաբերմունքի համար: Իր հերթին պարոն Յաքուբ ալ-Սանիեն բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը Քուվեյթի զարգացման եւ հայ-քուվեյթյան բարեկամության ամրապնդման գործում: Հովիկ Աբրահամյանը ջերմ ողջույններ է փոխանցել Քուվեյթի էմիրին եւ վարչապետին՝ վերահաստատելով երկու ժողովուրդների ջերմ հարաբերություններն ամրապնդելու եւ երկու երկրների բազմակողմ գործակցությունը զարգացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը: