Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում այսօր՝ մարտի 23-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած երիտասարդները գնացել էին Սայաթ-Նովա գյուղ՝ ընկերոջը տեսակցության: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արբաթ գյուղի բնակիչներից Մայիս Կարապետյանը:

Նրա խոսքով, դեպքը տեղի է ունեցել, երբ երիտասարդները Սայաթ-Նովայից վերադառնալիս են եղել Արբաթ:

«Մեր իմանալով իրենց ընկերներից մեկն էլ էր բանակից օտպուսկ եկել եւ գնացել էին նրան տեսակցության, վերադառնալիս դժբախտ դեպքն ա եղել»,-ասաց նա:

Նշենք, որ ավտովթարի հետեւանքով մահացած երեք երիտասարդներն էլ Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչներ են. 19-ամյա Արսեն եւ 21-ամյա Լեւոն Հովսեփյանները եղբայրներ են, իսկ 23-ամյա   Սարգիս Բադալյանը՝ նրանց ընկերը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 04.56-ին Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Երիտասարդներից երկուսը՝ Արսենն ու Սարգիսը տեղում մահացել են, իսկ Լեւոնը՝ հիվանդանոցում: