Պատկան մարմինների այն պնդումները, թե ապօրինի ծառահատումներն անում են անտառամերձ գյուղերի բնակիչները, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրական գիտություների թեկնածու Հովիկ Սայադյանը` նշելով, որ գյուղացին իր տան մոտ աճող ծառը չի կտրի, քանի որ դրա հետեւանքները նա բոլորից լավ է գիտակցում:

«Անկանոն ծառահատումներ անելով` կլիման ավելի չորային է դառնում, ինչի հետեւանքով մեծանում է նաեւ անտառային հրդեհների ռիսկը: Մյուս կողմից` ծառահատման հետեւանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ, անձրեւների ժամանակ` սելավներ, ինչն առաջին հերթին վտանգում է անտառամերձ գյուղերի բնակիչների ունեցվածքը եւ կյանքը»,- ասաց նա:

Մասնագետի խոսքով` իր այս պնդումը հաստատում  նաեւ փաստը, որ Հայաստանում ամենից շատ հատվում են այն ծառատեսակները, որոնք ոչ թե որպես վառելափայտ, այլ հիմնականում կահույքի արտադրման նպատակով են օգտագործվում:

 «Հայաստանում ամենաշատը կաղնին ու հաճարենին են հատվում. դրանց փայտից բարձրորակ դռներ, մանրահատակ, կահույք են ստանում: Իսկ բոխին, որն ամենալավ վառելափայտն է, այսօր ամենաքիչն է հատվում»,- ասաց նա: