ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 23-ին, ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Գեղամ Գրիգորյանը հայ եւ դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ եւ ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ եւ օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այսօր՝ մարտի 23-ին, 65 տարեկանում, կյանքից հեռացել է հայ անվանի օպերային երգիչ (տենոր) եւ բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լիտվական ԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Գեղամ Գրիգորյանը: