Քվեարկված ընտրացուցակների հրապարակումը «այո»-ի կամ «ոչ»-ի հարց չէ, այն ունի բազմաթիվ ենթատեքստեր, շերտեր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
«Դա այնպիսի «այո» կամ «ոչ» պատասխանելու հարց չէ, դա ունի բազմաթիվ ենթատեքստեր շերտեր, որոնք մենք պետք է քննարկենք։ Քննարկումների ժամանակ բազմիցս բացատրում ենք, թե ցուցակների հրապարակումը ինչ խնդիր է լուծում եւ էդ խնդրի հետ կապված առաջարկում ենք այլ մեխանիզմներ, որոնք կբացառեն ու չեն ենթադրի նմանատիպ խախտումներ ու ավելի ուժեղ վերահսկողություն կլինի։ Եթե էստեղ էլ են խնդիր տեսնում ընդդիմադիրները, ուրեմն այլ տեղ է խնդիրը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն պնդմանը, որ եթե այդ հարցի շուրջ լինի քաղաքացիական ու քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա, իշխանությունը կնահանջի այդ հարցում, Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Այդ ամենը քաղաքական որոշակի դրսեւորումներ են։ Որ ասում են՝ եթե կոնսոլիդացիա լինի, ինչ որ բան կլինի, այդ մեսիջն ամենից շատ ուղարկում են ընդդիմադիր դաշտին, քանի որ ընդդիմադիր դաշտում լոկոմոտիվի դերակատարումը վերցնելու խնդիր կա։ Իսկ ընտրացուցակների չհրապարակման հետ կապված, մենք ունենք հիմնավոր փաստարկներ»։
Նշենք, որ իշխանությունը պնդում է, որ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը հակասահմանադրական է, որի վերաբերյալ Հայաստանի ՍԴ-ն որոշում է կայացրել՝ վկայակոչելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը:
Ընդդիմությունը սակայն, նշում է, որ իրենց այդ պահանջը սկզբունքային է ընտրակեղծիքները նվազեցնելու առումով:




























