ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունը առանց տենդերի վերանորոգման աշխատանքների մասին պայմանագիր է կնքել «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի հետ։ Այդ մասին վկայում է 2015-ին Հայաստանի պետական գնումների սեկտորի հետազոտությունը, որն իրականացրել է «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը:
Հետազոտության շրջանակներում, ի թիվս այլ հարցերի, առանձնացվել են շահերի բախման կասկածներ պարունակող կամ մոտիվացիայի թույլ հիմնավորումներով պայմանագրեր։ Նշենք, որ մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն՝ «Քեթրին գրուպ» ՍՊԸ տնօրենը Հայաստանի ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանն է։ Ընկերությունը հայտնի է շուկայում մերձարեւադարձային մրգերի ներկրման մեջ գերիշխող դերով։
Կազմակերպության ուշադրության կենտրոնում հայտնված մյուս տենդերների թվում է Ազգային անվտանգության խորհրդի կողմից ավիատոմսերի գնումը։ «Ինվեստ Սերվիս» ՍՊԸ-ն, որի տոմսերը գնվում են առանց մրցույթի, զբաղվում է բոլորովին այլ գործունեությամբ։ Ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ հիմնական զբաղմունքը կադաստրային հողաբաշխումն է եւ տեղագրությունը։
Կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ եկել նաեւ մարզպետարանների տենդերներում, որտեղ մատակարարների ու կապալառուների ցուցակում պարբերաբար նույն ընկերություններն են, որոնք ընտրվում են առանց մրցույթի։





























