ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) հետաքննիչ, արդարադատության մայոր Սամվել Ալոյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում 2013թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Ս. Ալոյանը «Սեւան» ՔԿՀ-ում զննության է ենթարկել դրսից հիշյալ ՔԿՀ-ի տարածք նետված փաթեթը, դրանից հետո անձնական խուզարկության է ենթարկել թմրամիջոց նետելու կասկածանքով բերման ենթարկված Հ. Չ.-ին եւ հիշյալ գործողություններն առանց ընթերակաների մասնակցության` կազմել, շրջանառության մեջ է դրել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Բացի այդ, Ս. Ալոյանը, դարձյալ ընթերակաների բացակայության պայմաններում, կազմել ու շրջանառության մեջ է դրել Հ. Չ.-ից փորձաքննության նմուշ վերցնելու եւ ստանալու մասին եւս երկու կեղծ արձանագրություն:
Ս. Ալոյանը հիշյալ արձանագրություններում մտցրել է նշված գործողություններն, իբր, ընթերականեր Ք. Գ.-ի եւ Է. Ն.-ի մասնակցությամբ կատարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, լրացրել է նրանց անձնական տվյալները եւ անձամբ ստորագրել ընթերակաների փոխարեն: Հետաքննիչը կեղծ արձանագրությունները կցել է նյութերին, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի եւ 34-268-հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ եւ այն ըստ ենթակայության քննության է ուղարկել ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժին, որտեղ կատարված նախաքննությունից հետո, քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատարան: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Հ. Չ.-ն դատապարտվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:



























