Հայաստանից Չինաստան արտահանումն ավելացել է հանքանյութերի արտահանման ծավալների ավելացման արդյունքում: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ ՊԵԿ նախագահը կարեւորել է չինացի գործարարների համար Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակն առավել բարձրացնելու առաջնայնությունը. «Ձգտելու ենք բարձրացնել ներդրողների համար նպաստավոր միջավայրի ապահովմանն ուղղված համալիր քայլերի արդյունավետությունը՝ ՊԵԿ-ի գործունեությունն աննկատ դարձնելու նպատակով հարկային եւ մաքսային գործառույթների իրականացման մեխանիզմների կատարելագործմամբ բարենպաստ պայմաններ առաջարկելով ինչպես հայաստանյան, այնպես էլ մեր երկիրն ընտրող օտարերկրյա գործարարների համար»:
Դեսպանը ողջունել է ՊԵԿ նորանշանակ նախագահի որդեգրած քաղաքականությունը եւ ընդգծելով երկու երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերությունների կառուցողական բնույթը՝ կարեւորել է նաեւ տնտեսական հարթակում գործընկերության սերտացմանը նպաստող պայմանների ստեղծումը: Դիտարկելով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը եւ ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ ներմուծման գերակայությունը՝ հատկանշվել է Հայաստանից Չինաստան արտահանման խթանումը, որի պատկերը դրականորեն փոխվել է հանքանյութերի արտահանման ծավալների ավելացման արդյունքում:
Անդրադարձ է կատարվել նաեւ Չինաստանի արտահանման-ներմուծման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին իրականացվող մաքսային զննման տեխնոլոգիաների ու սարքավորումների արդիականացման ծրագրին, որի շրջանակում «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատունը եւ Մեղրիի մաքսային կետը համալրվել են զննման ռենտգենյան սարքավորումներով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկու երկրների համագործակցության շրջանակում մաքսային ու հարկային ոլորտներում աշխատանքների կատարելագործմանը նպաստող տեխնիկական աջակցությունը, քանի որ համակարգի արդիականացումը ՊԵԿ-ում պարբերական բնույթ է կրելու:





























