Հայաստանում նոր կուտակային համակարգի թոշակային ֆոնդերի եկամտաբերությունը կազմում է 7 տոկոս։ Այս մասին մարտի 23-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի ԿԲ արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Կարեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ կուտակային կենսաթոշակային համակարգում ընդգրկված է 140 հազար մասնակից։ Եվս 76 հազարը կուտակային հաշիվներ են բացել, սակայն դադարել են կուտակել, երբ համընդհանուր պարտադիր բնույթը հետաձգվել է մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը։ Այդուհանդերձ այդ մարդկանց գումարները մնում են իրենց հաշիվներին եւ եկամուտ են բերում։
Ընդհանուր առմամբ 1974-ին եւ ավելի ուշ ծնված վարձու աշխատողների թիվը Հայաստանում մոտ 300 հազար է։ Այսպիսով՝ հաշիվների ակտիվ սեփականատերերը կազմում են այդ թվի մոտ 50 տոկոսը։ Ընդ որում, ԿԲ ներկայացուցչի խոսքով, մասնավոր սեկտորի ոչ բոլոր աշխատակիցներն են հրաժարվել շարունակել կուտակումները։ Նշված 140 հազարից 65-70 հազարը պետական ոլորտի աշխատողներ են, իսկ 70 հազարը` մասնավոր սեկտորի։
Յուրաքանչյուր ամիս համակարգին է միանում 3-4 հազար մարդ, հիմնականում նրանք, ովքեր միայն սկսում են աշխատանքային կարիերան։ Իսկ կուտակային համակարգերի ընդհանուր ակտիվները 2016թ. փետրվարի դրությամբ կազմում են 35.5 մլրդ դրամ կամ ՀՆԱ 0.7 տոկոսը։




























