Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց «iPhone 6» մոդելի բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձը «list.am» կայքում ծանոթացել է քաղաքացու՝ «iPhone 6» տեսակի բջջային հեռախոս վաճառելու վերաբերյալ հայտարարությանը, 2016 թվականի փետրվարի 23-ին հեռախոսով խոսել է վերջինիս հետ եւ ձեռք բերել հեռախոսը գնելու պայմանավորվածություն: Նախապես պայմանավորված վայրում առերեւույթ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի միջոցով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ առանց գումարը վճարելու՝ այդպիսով պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են նշված վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է այն երիտասարդը, ով քաղաքացուց վերցրել է հեռախոսը՝ այլ անձի փոխանցելու համար։
Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտումն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են նրան կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




























