Չինաստան կատարած այցի շրջանակում այսօր` սեպտեմբերի 22-ի առավոտյան ՀՀ վարչապետը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Շանհայից ժամանել են Սիչուան նահանգի Չենգդու կենտրոն, որտեղ Տիգրան Սարգսյանն իր կեցավայրում հանդիպել է Սիչուանի նահանգապետ Ցզյան Ցզույ Ֆենին։ Նա ներկայացրել է նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Իր ՀՆԱ-ով նահանգն 9-րդն է ՉԺՀ-ում։ Այժմ ակտիվորեն վերականգնվում է` տարեկան 16,3 տոկոս աճ արձանագրելով։ Ցզյան Ցզույ Ֆենը հույս է հայտնել, որ նահանգի այդ ներուժը կօգտագործվի երկկողմ համատեղ ծրագրերում։

ՀՀ վարչապետն, իր հերթին,  նշել է, որ այցի նպատակը տնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելն է։ Մատնանշելով հայ-չինական առաջին խոշոր համատեղ «Շանսի-Նաիրիտ» սինթետիկ կաուչուկի ձեռնարկության հաջողված օրինակը, վարչապետն ընդգծել է համանման փոխգործակցության հնարավորությունը ֆիզիկայի, շինանյութերի, քիմիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, նմանատիպ ծրագրերի իրականացման պատրաստակամությունն ու կարեւորությունը։

Օրվա ընթացքում ՀՀ վարչապետը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը այցելել են Sichuan Aerospace Tuoxin Basalt գործարան, Tuoxin ընկերության հարավ-արեւմտյան օդանավակայանի տարածքում ստեղծված տնտեսական զարգացման գոտի, որտեղ ծանոթացել են նաեւ արեգակնային մարտկոցներ արտադրող ընկերություններից մեկի աշխատանքին։

Ինչպես նշել է ՀՀ էնոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՉԺՀ-ն իր այցի ընթացքում ունեցած հանդիպումների ժամանակ Տիգրան Սարգսյանը կոնկրետ ծրագրեր է ներկայացրել, մասնավորապես` բազալտի ձուլման գործարանի կառուցման, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ազգային կենտրոնի վերաբերյալ, նաեւ ենթակառուցվածքներին, նոր տեխնոլոգիաներին առնչվող ներդրումային նախագծեր։ Դրանցից մեկն արեւային մարտկոցների արտադրությունն է, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել ճանաչողական այց համապատասխան ընկերություններից մեկը։ Անդրադառնալով բազալտի վերամշակման ուղղությամբ համագործակցությանը, Ներսես Երիցյանը տեղեկացրել է, որ չինական կողմի հետ արդեն տարվում են աշխատանքներ. ուսումնասիրվել են Հայաստանի հանքերը, ու չինացի մասնագետներն արձանագրել են, որ Հայաստանում առկա են որակյալ բազալտի մեծածավալ պաշարներ` դրանցից մանրաթելի ստացման համար։ Այժմ աշխատանքները գտնվում են նախապատրաստական փուլում։

Ինչ վերաբերում է տնտեսական զարգացման գոտիների ստեղծմանը, ապա հարցն այն է, որ դրանք ձեւավորվում են տեղում գործարար հնարավորություններ տալու համար։ Նոր գործ ստեղծելու համար նվազեցվում են ծախսերը, ապահովվում է նվազագույն ենթակառուցվածք, ինչի հաշվին սկսվում է այդ տարածքի ընդհանուր զարգացումը։ Սա, նախարարի գնահատմամբ, արդյունավետ մոդել է, եւ Հայաստանում որոշակի գաղափարներ արդեն կան, որոնք կնպաստեն մարզերի զարգացմանը, վերջիններիս եւ մայրաքաղաքի եկամուտների տարբերության նվազմանը։

Սեպտեմբերի 23-ի երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան։