Ընտրական օրենսգրքի վերաբերյալ  ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացրած միասնական 5 պահանջը   իշխանությանը հակադրվելու պահանջ է եւ ոչ թե լուծումների առաջարկ։Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ու քաղաքացիական ուժերի 5 պահանջին։

«Այդ մտահոգությունը ընդունելի եւ ընկալելի է մեզ համար։ Ասում ենք՝ կա մտահոգություն, որը պետք է լուծել։ Դա այն է,  որ մեկը մյուսի փոխարեն չքվեարկեն,  Հայաստանից բացակայող քաղաքացիների փոխարեն  որեւէ մեկը չքվեարկի։ Խնդիրը սրան է վերաբերում։ Ընտրական օրենսգիրքը  դրա լուծման ճանապահրը տալիս է։  Դա կարող է լինել էլեկտրոնային  լուծման ճանապարհով»,-ասաց Նիկոյանը։

Ըստ Նիկոյանի՝ այդ խնդիրը լուծում է միասնական փաստաթղթով քվերակությունը։

«Շատ լավ կլինի, որ  հասկանան՝  միասնական փաստաթղթի ահրաժեշտության մասին, ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Այնինչ պետք է բոլորը դրա շուրջ գան  եզրակացության։ Տարբեր փաստաթղթերի գոյությունը տալու է կասկածներ։ Նույնականացման քարտը պարունակում է բոլոր տվյալները՝ սկսած լուսանկարից մինչեւ մատնահետք։ Եթե սրանով խնդիրը լուծվում է, էլ ինչի են անհրաժեշտ մյուս հազարավոր առաջարկները»,-նշեց պատգամավորը։

Հարցին, թե ութ քաղաքացիական նախաձեռնության եւ ութ քաղաքական ուժի ներկայացրած 5 առաջարկից մասնավորապես ո՞ր կետերն են ընդունելի իշխանության համար, Նիկոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այդ պահանջները բոլորը լուծվում են նախագծով առաջարկվող լուծումներով։ Ես կարծում եմ՝ այդ պահանջները զուտ հակադրվելու, հակառակ կեցվածք ընդունելու պահանջներ են, ոչ թե ընտրական համակարգի նկատմամբ մտահոգություն։ Իրենք ուզում են ստեղծել հակադրման քաղաքացիական պլատֆորմ։ Եթե մի բանը կարելի է էլեկտրոնային համակարգի միջոցով հեշտությամբ լուծել  ու դրանով  շատ խնդիրներ լուծել, ինչու գնալ մի ճանապարհով, որն իր հետ բերելու է այլ բազմաթիվ նոր խնդիրներ»։

Սամվել Նիկոյանի մեկնաբանմամբ՝ ցուցակները հրապարակելուց հետո  կարող է արհեստական քաոս ստեղծվել՝  մի քանի տասնյակ հազար դատական հայց  ներկայացնելով դատարան, ինչը անելանելի դրության մեջ կդնի նաեւ այդ համակարգը։ 

«Պատկերացրեք ցուցակները հրապարակում են, եւ քաղաքական շահերով պայմանավորված քաղաքակն ուժերից մեկը կազմակերպում է այսպիսի բան։ Օրինակ, իշխանությունը կորցրել է դիրքերը, ուզում է վերանայել ընտրության արդյունքները, դժվա՞ր է ամեն տեղամասից կազմակերպել ու 10-20 հոգի  գնան նայեն ցուցակներում իրենց ստորագրությունն ու  ասեն՝ սա մեր ստորագրությունը չէ։ Հանրապետությունում 20-40 հազար բողոք կլինի։ Սա հնարավորություն է տալիս ընտրության նկատմամբ նախ քաղաքական անվստահություն ստեղծել եւ մի անհասկանալի բողոքարկման մեխանիզմ, որի տակից դատական համարակրգը չի կարող դուրս գալ»։

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ բոլոր հարցերը կարող են լուծում ստանալ միայն էլեկտրոնային ընտրական համակարգի միջոցով։ Ե՛ւ տեղամսում լուսանկարելուն, ե՛ւ թանաքի մատնահետքով քվերակությանը կարող է փոխարինել նույնականացման քարտով ընտրությունը։

«Էլեկտրոնային համակարգին հնարավոր չէ խաբել։ Ես կարծում եմ՝ այդ  բոլոր պահանջները լուծվում են նախագծով  եւ քննարկումների ժամանակ առաջարկվող լուծումներով։ Իշխանությունը պետք է գնա  իր նախընտրած ճանապարհով եւ դա ճիշտ կլինի։ Կոմպրոմիս ասելով՝ ընդդիմությունը  հասկանում է ուլտիմատում»։