Տասնչորս տարին չլրացած անձանց բռնաբարելու եւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 15-ամյա Տ. Գ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Տ. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հրավիրվել է հիշյալ բաժին, որտեղ ոստիկանության ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել: Այնուհետեւ նույն բաժնի օպերլիազորն իրեն սպառնացել է, որ եթե չընդունի մանկահասակ բնակիչներին բռնաբարելու եւ նրանց հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու հանգամանքը, իրեն կրկին ծեծի կենթարկեն: Ինքը վախեցել է, որ կշարունակվեն իր նկատմամբ կիրառվող բռնությունները եւ խոստովանել է իրականում իր կողմից չկատարված հանցագործությունները:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից անչափահասին խոշտանգելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























