Համաշխարհային արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 2.6%: Ռուսական բիզնեսի շաբաթվա շրջանակում կազմակերպված Արդյունաբերողների եւ գործարարների ռուսական միության համաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Արտահանման ռուսական կենտրոնի գլխավոր տնօրեն Պյոտր Ֆրադկովը:

RNS-ի փոխանցմամբ, նա նշել է, որ Ռուսաստանն այս ցուցանիշով առաջ է անցնում Կանադայից եւ Ավստրալիայից, սակայն բավական հետ է մնում Չինաստանից եւ Գերմանիայից:

Ֆրադկովի խոսքով, ռուսական արտահանման հանդեպ հետաքրքրությունը բացատրվում է ռուբլու անկմամբ, ինչպես նաեւ ներքին շուկայում հնարավորությունների սպառմամբ: Նա նաեւ հաղորդել է, որ արտահանումն աճել է միայն քանակական առումով, իսկ գնային առումով անկում է ապրել:

«Մեր ունեցած վերջին տվյալներով, ոչ հումքային արտադրանքի արտահանման մեջ մեր մասնաբաժինը 54%-ը: Սա կարեւոր է այն տեսանկյունից, որ ամեն ինչ կորած չէ, եւ մենք դեռեւս հնարավորություն ունենք զարգացնել այն հարթակները, որ պահպանել ենք»,- հայտարարել է Ֆրադկովը: