Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր) համամասնական ընտրակարգի ռեյտինգային  քվեարկության  հետ կապված  առարկություններ ունի, որի մասին խորհրդարանական քննարկումների ժամանակ  պատրաստվում է բարձրաձայնել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։  

«Եթե նախկինում  տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ էին պայքարում միմյանց դեմ, հիմա մի կուսակցությունից են միմյանց դեմ պայքարելու, ճիշտն ասած, էդտեղ ես խնդիր եմ տեսնում։  Նույն կուսակցության անդամների հարաբերությունները լարվելու են»,-ասաց  գործարար պատգամավորը։

Պատգամավորը զգուշացրեց , որ իր կարծիքը վերջնական չէ, հնարավոր է՝ մեկ ամիս հետո այն փոխի, երբ ներգրավվի ակտիվ քննարկումների մեջ։

«Ես մեծամասնական ընտրակարգի կողմնակից եմ, ոչ թե  նրա համար, որ ես մեծամասնական  կարգով եմ ընտրվել,  պարզապես, երբ որ ես շփվում եմ ընտրողների հետ,  գիտեմ ՝կապը կկտրվի, եթե ամբողջությամբ համամասնական ցուցակ լինի։ Այս տարածքային ցուցակով կապը չի կտրվելու, ուղղակի հնարավոր է՝ այս նոր նախագծով տարածքներ լինեն, որոնք պատգամավորներ չունենան, այստեղ էլ խնդիր եմ տեսնում, որը որ պետք է շտկվի։ Յուրաքանչյուր մարզ պետք է առնվազն երկու պատգամավոր ունենա։  Օրինակ, Տավուշի մարզը մեծ է, մեկի համար քիչ է ընտրողների հետ շփման առումով նույնիսկ ֆիզիկապես չես հասցնում»։