Երեւանում վերջին օրերին մեծ թվով ներկված հավի ճուտիկներ են սատկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանը:
«Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ զանգում եւ ասում են, որ Երեւանի գետնանցումներից գնված գունավոր հավի ճտերը մի քանի օրվա ընթացքում սատկում են: Բայց մարդիկ զանգում են այն ժամանակ, երբ թռչունն արդեն ծայրահեղ վիճակում է եւ այլեւս ոչինչ հնարավոր չի լինում անել»,- ասաց Հարություն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` անկման պատճառն այն է, որ մարդիկ գունավոր հավի ճտերին որպես խաղալիք են վերաբերվում եւ չեն ապահովում նրանց կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները:
«Պետք է հասկանալ, որ գունավոր հավի ճտերը խաղալիք չեն եւ երեխաները չպետք է դրանցով խաղան: Դրանք սովորական թռչուններ են, որոնց պահելու համար անհրաժեշտ է համապատասխան ջերմաստիճանային պայմաններ ու սննդակարգ ապահովել, ինչը տանն անել ուղղակի հնարավոր չէ»,- նշեց Հարություն Հովհաննիսյանը:
Կենդանաբույժը նշեց, որ առանց հատուկ ուսումնասիրության դժվար է ասել, թե ինչ ներկանյութով են ներկում հավի ճտերին, սակայն ինչով էլ ներկելիս լինեն, դրանք վտանգում են թռչունների կյանքը:
«Հատկապես եթե ձվի մեջ են ներկում, մեծանում է ինֆեկցիայով վարակվելու հավանականությունը, ինչը կարող է վնասել ինչպես թռչուններին, այնպես էլ` մարդուն»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Զատկի տոնին ընդառաջ Երեւանում հավի կապույտ, կանաչ, վարդագույն, նարնջագույն եւ այլ գույնի ճտեր են հայտնվել: Վարդան Դավթյանն առաջինն է Հայաստանում, որ սկսել է զբաղվել հավի գունավոր ճտերի բուծմամբ: NEWS.am-ի հետ զրույցում Վարդան Դավթյանն ասաց, որ հավի գունավոր ճուտիկների նկատմամբ հետաքրքրությունը մայրաքաղաքում բավականին մեծ է, դրանք վաճառվում են 1500 դրամով:



























