Ցավոք, Երեւանում մուրացկանությամբ զբաղվող երեխաների խնդիրը շարունակում է մնալ արդիական: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, մուրացկանությամբ զբաղվող, թափառաշրջիկ անչափահասների խնդիրների թեմային նվիրված հանդիպման ընթացքում նշել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարեւորելով անչափահասների խնդիրների կարգավորման հարցը, նշել է, որ մուրացիկ անչափահասների տեղավորման, կողմնորոշման, համապատասխան կառույցներ ուղղորդման եւ աջակցության տրամադրման հարցերը թեեւ մշտապես եղել են քաղաքապետարանի դիտակետում, այդուամենայնիվ անհրաժեշտ են առավել հստակ ծրագրեր, որոնք կնպաստեն խնդիրների լուծմանը:
Վերջին տվյալներով՝ 2016 թվականի փետրվարին հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 13 երեխա: Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանը նշել է, որ ոստիկանության հետ համատեղ պարբերաբար տնայցեր են կազմակերպվում, բացատրական աշխատանքներ են տարվում ծնողների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացնելով մինչ օրս մուրացիկ եւ թափառաշրջիկ անչափահասների հետ տարված աշխատանքները՝ մասնավոր դեպքերի օրինակներով քննարկվել են նաեւ խնդիրների լուծման նոր մոտեցումների կիրառման հնարավորությունները, օրենսդրական դաշտում կարգավորումների անհրաժեշտությունը: Արված առաջարկներն առաջիկայում կուսումնասիրվեն առավել մանրամասն՝ մուրացիկ անչափահասների խնդիրների կարգավորման աշխատանքներում ներառելու նպատակով:
Կլոր սեղանին մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության եւ սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, վարչական շրջանների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության աշխատակիցներ ու Երեւան քաղաքի վարչության տարածքային բաժինների անչափահասների գործերով բաժանմունքների պետեր:



























