Հայաստանի ներքաղաքական դաշտում կուսակցությունների դիրքավորում է սկսվել 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, նրանցից յուրաքանչյուրը  փորձում է լիդերի դերը ստանձնել: Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Այժմ ընդդիմադիր դաշտը դատարկ է այն առումով, որ չկա ընդգծված լիդեր: Բոլոր կուսակցությունները կարծում են՝ լիդերի դերն իրենք կարող են կատարել, դիրքավորում է սկսվել, որ դառնան այդ լիդերը: Ընդ որում, հանրապետականի մեջ էլ կա դիրքավորվելու համար պայքար: Յուրաքանչյուրն իր տեղն է ուզում գտնել արեւի տակ 2017 թ. առաջ»,- ասաց նա: 

Քաղտեխնոլոգի խոսքով՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է, որ ընդդիմությունը միավորվի, հակառակ դեպքում լուրջ պրոբլեմներ կունենա:

«Հասարակությունն այեւս ոչ մի բանի չի հավատում, բայց ի տարբերություն ընդդիմության, իշխանությունն ունի ռեսուրս, կարող է անցկացնել ընտրությունները եւ բավական շատ ձայներ ունենալ»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահին միավորվելու որեւէ միտում չի տեսնում:

Ըստ քաղտեխնոլոգի՝ այժմ համեմատաբար ավելի ակտիվ է Նիկոլ Փաշինյանը:

«Ինքն ասում էր՝ դեմ է լիդերին, բայց գոնե այս պահի դրությամբ ինքն է ակտիվ: «Քաղաքացիական պայմանագրից» բացի իրենից ու մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանից ուրիշ ոչ մեկի ոչ ոք չի ճանաչում»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստանը» փորձում է շարունակել այլընտրանքի դիրքավորում, արեւմտամետ հատվածը կենտրոնանում է «Ազատ Դեմոկրատներում» եւ «Լուսավոր Հայաստանում»: