Վանաձորում 2013թ. հոկտեմբերին 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանի համար անընդունելի է դատախազի ներկայացրած պատժաչափը:
«Անընդունելի ենք համարում դատախազի նման պահանջը: Պարզապես տրամաբանություն չկա, քանի որ իմ պաշտպանյալի մեղքն ապացուցող հիմքեր չկան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը` անդրադառնալով փաստին, որ դատախազը 9 տարի 6 ամսվա ազատազրկում է պահանջել:
Մարտի 25-ին կայանալիք դատական նիստում ամբաստանյալի փաստաբանը հանդես կգա պաշտպանական ճառով: Չի բացառվում, որ իր վերջին խոսքի իրավունքից օգտվի նաեւ ամբաստանյալը, որը դատաքննության ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:
Նշենք, որ նույնիսկ տուժող կողմն է համոզված, որ սպանությունը Կարեն Կունգուրցեւը չի կատարել։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:
Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար:



























