Շենգեն գոտու ներքին սահմանները չեն կարող միշտ փակ լինել։ Այս մասին մարտի 24-ին՝ «Փախուստ եւ միգրացիա դեպի Եվրոպա. ինչպե՞ս հաղթահարել պետության եւ հասարակության առջեւ կանգնած մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
Դեսպանը կարծում է, որ պետք է համաեվրոպական լուծում գտնել։ «Մենք պետք է գործադրենք հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի այդ սահմանները նորից բացվեն։ Դա նաեւ նշանակում է, որ մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի Շենգեն գոտու արտաքին սահմանները հնարավորինս հուսալի դառնան։ Այստեղ առաջի հերթին խնդիրը Հունաստանի կառավարությանն աջակցելու մեջ է։ Կարեւոր է նաեւ Թուրքիայի ներգրավվածությունը»,- նշել է Քիսլերը։
Դեսպանը նշեց, որ խնդիրը դեպի Եվրոպա մարդկանց ապօրինի հոսքը արդյունավետ միջոցներով կանխելն է։ «Մենք կարծում ենք, որ այդ բեռը պետք է արդար բաշխվի եվրոպական երկրների միջեւ»,- ընդգծել է Քիսլերը եւ հավելել, որ գլխավոր խնդիրն այն է, որ Սիրիայի ճգնաժամը կարգավորվի, եւ մարդիկ կարողանան խաղաղ ապրել իրենց երկրում։





























