Եվրամիությունը այս պահին առիթ չունի կասկածելու, որ Թուրքիան չի կատարի միգրացիոն համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները: Այս մասին մարտի 24-ին՝ «Փախուստ եւ միգրացիա դեպի Եվրոպա. ինչպե՞ս հաղթահարել պետության եւ հասարակության առջեւ կանգնած մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
Դեսպանը հիշեցրել է, որ Թուրքիան մի երկիր է, որը հավակնում է Եվրամիության անդամ դառնալ: «Մենք Թուրքիայի հետ համաձայնագիր ենք ստորագրել միգրացիոն խնդիրների լուծման համար: Եվ այս պահին մենք առիթ չունենք կասկածելու, որ Թուրքիան չի կատարի իր ստանձնած պարտավորությունները»,- նշել է Քիսլերը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու Թուրքիան պայմանավորվել են կրճատել «միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպա»: Եվրամիությունը կավելացնի փախստականներին պահելու համար Թուրքիային վճարվող գումարի չափը, կպարզեցնի վիզային ռեժիմը, նաեւ կարագացնի ԵՄ-ին անդամակցության բանակցությունները: Եվրոպայի ու միջազգային շատ վերլուծաբաններ պնդում են, որ Բրյուսելն այս հարցում տեղի է տվել Անկարայի շանտաժին:





























