«Դեղերի մասին» նոր օրենքը կօգնի նվազեցնել ինքնաբուժության ռիսկերը։ Այս մասին մարտի 24-ին կայացած Կառավարության նիստում ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
Նա նշել է, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքի մասին պատգամավորների Ազգային ժողովի նիստում հնչեցված շուրջ 40 հարցերից բացի, ստացվել են 44 գրավոր առաջարկություններ։
Նա տեղեկացրեց, որ արդյունքում նախագիծը էականորեն բարելավվել է եւ ընդունման դեպքում կկարգավորի դեղի շրջանառության ողջ շղթան, ինչպես նաեւ դեղերի գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազի ինքնաբուժությունը եւ դրա բացասական հետեւանքները, զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, բոլոր փուլերով պատշաճ կանոնների եւ մեծածախ իրացման լիցեզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղի որակի, անվտանգության եւ արդյունավետության մակարդակը։
Նախագծերի վերանայված փաթեթը Ազգային ժողովում երկրորդ ընթերցում անցնելու նպատակով սահմանած ժամկետում մինչև ապրիլի 4-ը կներկայացվի ՀՀ կառավարություն:





























