Երեւանի Նոր-Նորք թաղամասում նախորդ տարվա հուլիսին արցախյան ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու գործով դատախազը միջնորդել է կալանավորել մեղադրյալներից Գեւորգ Սարգսյանին («Ջունգլ»): Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ամբաստանյալի պաշտպան Թամարա Բաղդասարյանը:

Պաշտպանի խոսքով՝ դատախազը միջնորդել է Գեւորգ Սարգսյանի նկատմամբ ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը փոխել կալանավորման, քանի որ վերջինը, ըստ դատախազի, այլ տեղանքում է գտնվել, այսինքն լքել է բնակության վայրը:

«Իմ պաշտպանյալը ընդամենը Վանաձոր է գնացել, երկրի սահմանը չի հատել: Միջնորդության հիմնավորումից կարելի է ենթադրել, որ իմ պաշտպանյալը Մասիվից գա Կենտրոն վարչական շրջան, ուրեմն խախտել է բնակության վայրը չլքելու միջոցը»,-ասաց պաշտպանը:

 Թամարա Բաղդասարյանը նշեց, որ ինքը դատարանից ժամանակ է խնդրել միջնորդությանը ծանոթանալու եւ իր առարկությունները ներկայացնելու նպատակով:

Նշենք, որ Գեւորգ Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավված էր նաեւ այլ քրեական գործում, որըի հարուցումը, սակայն մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։

Վարդան Թումանյանի մահվան մեջ մեղադրվող երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ անզգուշությամբ առաջացրել տուժողի մահ):