2016-ի մարտի 30-ից ապրիլի 1-ը Հայաստանի Կառավարության Տան նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի կունենա միջազգային մասնագիտական   «Կրթություն XXI Դար» ցուցահանդեսը: Այդ մասին հայտնում է Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի մամուլի ծառայությունը: 

Այս տարի ցուցահանդեսին ավելի քան 50 կազմակերպություն կմասնակցի, այդ թվում`  Ռուսաստանի Դաշնության բարձրագույն եւ մասնագիտական կրթության   12 հաստատություն: Ցուցահանդեսը կընթանա երկու հարկում, որտեղ կտեղավորվեն տասնյակ ինստիտուտներ, համալսարաններ, քոլեջներ եւ մասնագիտական ուսումնարաններ:  Համալսարանների ներկայացուցիչները դիմորդներին կպատմեն ընդունելության կանոնների, ուսման արտոնությունների եւ ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին:   

2016-ին հատուկ ուշադրություն կհատկացվի բուհերի ապրանքանիշների ստեղծմանը եւ առաջ մղմանը:  Այցելուները կծանոթանան կրթական, գիտական եւ տեղեկատվական միջավայրի ձեւավորման ազգային եւ համաշխարհային փորձին, մոտեցումներին: 

Բացի հիմնական մասնագիտությունից, դպրոցականները եւ ուսանողները կկարողանան լրացուցիչ կրթություն ընտրել. Պարապմունքներ լեզվական դպրոցներում, միասնական պետական քննություններին նախապատրաստության դասընթացներ եւ կրթական ծրագրեր արտասահմանում: 

Ցուցահանդեսի հետաքրքիր ուղղություններից մեկը կդառնա ռոբոտատեխնիկան: Անսովոր խելացի ռոբոտներով ստենդ կներկայացվի: Ցուցահանդեսին կներկայացվեն տեխնոլոգիաներ, նյութեր եւ սարքավորումներ:   Նախագծին կմասնակցեն պրոֆեսիոնալ ուսումնական հաստատություններ, որոնք այցելուներին կցուցադրեն իրենց հիմնական ձեռքբերումները եւ տեխնիկական նորարարությունները: 

Ժամանակակից կրթության բոլոր այժմեական հարցերի վերաբերյալ սեմինարների եւ կլոր սեղաններ կկազմակերպվեն, ինչպես նաեւ կրթական հաստատությունների ներկայացումներ: 

Միջոցառման կազմակերպիչը ցուցահանդեսային  «Ինտեր Էքսպո» ընկերությունն է: Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության, Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսաստանյան կենտրոնի աջակցությամբ: