Երեւանի Սիրահարների այգում շտապօգնության բժիշկն իր վարքով հիմնականում համապատասխանել է բժշկի կեցվածքին՝ չհաշված իր վերջին արտահայտության: Այդ մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ բժիշկը ենթարկվել է կարգապահական տույժի եւ ոչ ավելի:
«Չեմ կարծում, որ որեւիցե ավել միջոց պետք էր կիրառել բժշկի նկատմամբ, որը եկել էր օգնության եւ պատրաստ էր օգնել, ծառայել: Ուղղակի էմոցիոնալ արտահայտություն է արել, որի հետ կապված ենթարկվել է վարչական տույժի», - նշեց նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սիրահարների այգում Երեւանի «Շտապօգնության» բժիշկ Վահրամ Անդրեասյանը օգնության է եկել ինքնազգացողությունը վատացած տարեց մարդուն եւ անհարգալից է խոսել նրա հետ: Վերջինիս հետ շփվելիս՝ նա կորցրել էր համբերությունը եւ կոպտել: «Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հմի հիվանդանոց: Հավեսդ չունեմ»,- ասել է բժիշկը գետնին պառկած մարդուն:
«Հավեսդ չունեմ». բժիշկը կոպտում է օգնության կարիք ունեցող տարեց մարդուն



























