12 ՀԿ-ները պատրաստ են մասնակցել 4+4+4 ձեւաչափով ԸՕ նախագծի բարելավման աշխատանքներին:
Այս առնչությամբ նրանց տարածած համատեղ հայտարարությունում ասվում է.
«Արձագանքելով ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ) ձեւաչափով բանակցություններ վարելու հրապարակային առաջարկությանը՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ խումբը տեղեկացնում է մասնակցության պատրաստակամության մասին:
Խմբում ընգրկված են ժողովրդավարության խթանման, մարդու իրավունքների պաշտպանության եւ ընտրական գործընթացների վերահսկողության ոլորտներում փորձառու հասարակական կազմակերպությունները, որոնք նաեւ հանդես են եկել ընտրական օրենսգրքի նախագծի հրապարակային քննադատությամբ ու կառուցողական առաջարկություններով:
Ընտրված թեկնածուները ստանձնելու են պատասխանատվություն հանդես գալու որպես քաղաքացիական հասարակության կառույցների պատվիրակներ, եւ բազմաշահագրգիռ խմբում խթանելու են ոչ միայն իրենց, այլեւ այլ հասարակական կազմակերպությունների ընդհանուր համաձայնությանն արժանացած առաջարկությունները՝ ապահովելով բանակցային գործընթացների հրապարակայնությունը եւ հետադարձ կապը քաղաքացիական հասարակության կառույցների հետ:
Քաղաքացիական հասարակության շահագրգիռ խմբի որոշմամբ՝ նշված ձեւաչափով ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքներին մասնակցելու համար առաջարկվել են 4 հիմնական եւ 2 փոխարինող ներկայացուցիչներ ՝ փորձելով ապահովել քաղաքացիական հասարակության կառույցների լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը:
Այս հայտարարությամբ 4+4+4 ձեւաչափով ընտրական օրենսգրքի նախագծի բարելավմանն ուղղված աշխատանքների համար համար ներքոստորագրյալ խումբն առաջարկում է հետեւյալ ներկայացուցիչներին.
• Հիմնական ներկայացուցիչներ` Այվազյան Սոնա, Բարսեղյան Լեւոն, Եգորյան Տիգրան, Զեյնալյան Արտակ.
• Փոխարինող ներկայացուցիչներ` Ստեփան Դանիելյան Ստեփան եւ Դանիել Իոաննեսյան:
Հուսով ենք, որ տվյալ ձեւաչափով համագործակցության արդյունքում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը կենթարկվի լուրջ փոփոխությունների՝ ապահովելով ներառական գործընթաց եւ ամբողջական փոխհամաձայնություն շահագրգիռ կողմերի միջեւ` նախագծում ամրագրելով հանրային վստահությունն ապահովող գործուն մեխանիզմներ:
«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղ» ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ
«Երեւանի մամուլի ակումբ» ՀԿ
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ



























