Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները պիտի կատարելագործեն այդ ինտեգրացիոն կազմավորումը, որպեսզի այն Եվրամիությունից վատը չլինի, հինգշաբթի Մինսկում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք հետդարձի ճանապարհ չունենք: Մենք պիտի կատարելագործենք Եվրասիական տնտեսական միությունը, ԵՄ-ից ոչ վատ միություն ստեղծենք: Հակառակ դեպքում մենք մեր մարդկանց մոտ շատախոսի տեսք կունենանք», — ասել է Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը:
Պետական «Բելտա» գործակալությունը հայտնում է, որ Լուկաշենկոն նշել է, թե ԵՏՄ-ում բավականաչափ հաջողություններ կան, սակայն «օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պառճառներով թերությունները եւ չլուծված խնդիրները եւս չափազանց շատ են»: «Այդ պատճառով բոլորը` ԵՏՀ-ից մինչեւ վարչապետներ, ստիպված կլինեն լարել ուժերը, որպեսզի գործառնականության բարձր մակարդակի բարձրացնեն Եվրասիական տնտեսական միությունը», — շարունակել է Բելառուսի նախագահը:
Նա հիշեցրել է, որ 2015-ին Բելառուսն էր նախագահում ԵՏՄ-ում եւ միության զարգացման գործողությունների պլան էր առաջարկել, սակայն շատ հարցեր տարբեր պատճառներով, մասամբ` ԵՏՀ-ի կազմի ռոտացիայի պատճառով չհաջողվեց մինչեւ վերջ լուծել: «Ինչ-որ առումով մենք էլ լուրջ բացթողումներ ունեինք, շատ էր անորոշությունը: ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցումը եւս իր դրոշմը թողեց, մենք ստիպված եղանք հարմարվել», — նշել է Բելառուսի նախագահը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ լավատեսությամբ է նայում ԵՏՄ-ի ապագային: «Կյանքը մեզ կստիպի շատ արագ շարժվել մեր միության կայացման, այն բանաձեւի կառուցման ուղղությամբ, որի մասին մենք միշտ խոսել ենք: Որպեսզի մեզ մոտ, մեր ազգային սահմաններում իրոք ազատություն լինի` եւ շուկաների, եւ կապիտալի, եւ աշխատուժի: Որպեսզի մեր ազգային խնդիրները չխանգարեն ընդհանուր հետաքրքրությունների զարգացմանը եւ այն հարցերի լուծմանը, որոնք կանգնած են մեր առաջ», — ամփոփել է Լուկաշենկոն:
Աշխարհում աճում է հետաքրքրությունը ԵՏՄ-ի նկատմամբ, համագործակցության եւ ազատ գոտիների ստեղծման առաջարկներ են ստացվում Ասիայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի երկրներից:





























