Հայաստանի հունական համայնքի համար անհասկանալի է, թե ինչու մյուս ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացվում են Ազգային ժողովում, իսկ իրենց` ոչ:

«Տարածաշրջանում հինգ լեզու կա հիմնական` ասորերեն, ռուսերեն, եզդիերեն, հունարեն եւ քրդերեն: Մյուս չորս ազգերի համար տեղեր հատկացնում են, իսկ մեզ համար՝ ոչ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իլիոս» հունական հասարակական կազմակերպության նախագահ Սլավա Ռաֆայելիդիսը:

Սլավա Ռաֆայելիդիսի խոսքով` դեռեւս քննարկումներ են ընթանում Ընտրական օրենսգրքի շուրջ եւ իրենք հույս ունեն, որ նույնպես տեղեր կստանան խորհրդարանում:

Նշենք, որ նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովում մանդատներ են տրվելու Հայաստանի ազգային փոքրամասնություններին: