Մաշտոցի պողոտայից մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի» ակցիայի բերման ենթարկված 16 մասնակիցներն ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանը:
Ըստ նրա՝ բերման ենթարկվածները երեք ժամ պահվել են ոստիկանության Կենտրոնականի բաժնում, որտեղ նրանց նկատմամբ վարչական իրավախախտումների մասին արձանագրություններ է կազմվել:
Սյուզան Սիմոնյանի խոսքով՝ բերման ենթարկվածներից շատերը արձանագրության տակ չեն ստորագրել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում այսօր՝ մարտի 24-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել: Գեւորգ Սաֆարյանի աջակիցները փորձել են փակել պողոտան, ոստիկանները սակայն նրանց հեռացրել են, ինչից հետո ոստիկանների եւ ցուցարարների միջեւ հրմշտոց է սկսվել: Բախման ընթացքում գլխի շրջանում վնասվածք է ստացել Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզաննա Եղնուկյանը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հայտարարության համաձայն՝ ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հայհոյել են, հարվածներ հասցրել:
Ոստիկանությունից մեզ հաղորդել էին, որ բերման ենթարկվածների թիվը 14-ն է: Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 182-րդ հոդվածը խախտելու հիմքով:





























