Ինդոնեզիայում կնոջը հրապարակայնորեն պատժել են հարսանիքից առաջ սեքսով զբաղվելու համար: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Երիտասարդ կնոջը ծնկի են բերել, գլուխը ծածկել սփռոցով, այնուհետեւ դիմակով մարդը սկսել է մտրակել նրան: Տարածված լուսանկարները վկայում են, որ մտրակի հերթական հարվածը ստանալիս կինը սեղմել է բռունցքները եւ բղավել ցավից: Ինքնադատաստանից հետո պատժվածը չի կարողացել ինքնուրույն շարժվել, նրան պատգարակով են փոխադրել:

Հրապարակային ինքնադատաստանն իրականացվել է Աչեխ գավառում, որտեղ պաշտոնապես շարիաթի օրենքներ են գործում: Փետրվարին տեղական կառավարությունն արգելել էր Սուրբ Վալենտինի օրվա առիթով նվերներ ընդունել կամ որեւէ կերպ նշել տոնը:

Դրանից մեկ ամիս առաջ էլ կանանց արգելվել էր առանց տղամարդու ուղեկցության ժամը 23-ից հետո ժամանցի վայրեր այցելել: 2015 թվականին գավառում նաեւ առանձնացվել էր ուսումն արական եւ իգական սեռի ներկայացուցիչների համար: