Ռուսաստանի նավթային ընկերությունները, ի տարբերություն ամերիկյանների, զարմանալի արագություն ցուցադրեցին: Այս մասին գրում է Forbes-ի վերլուծաբան Քենեթ Ռապոզան:
Ռուսական նավթային ընկերությունները, ըստ հեղինակի, կարողացան հաղթահարել «կրկնակի հարվածը». Եվրամիության եւ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները եւ նավթի գների ռեկորդային անկումը: Ամերիկյան էներգետիկ ընկերությունները, հոդվածագրի համոզմամբ, չեն վերադարձնում վարկերը եւ հայտարարում են սնանկության մասին այն պատճառով, որ նավթի գները շարունակում են 40 դոլարից ցածր մնալ: «Սակայն նրանց ռուսաստանցի գործընկերներին հաջողվում է հաղթահարել էժան նավթի եւ արեւմտյան պատժամիջոցների կրկնակի հարվածը»,- գրում է հեղինակը:
Վկայակոչելով Fitch Rating-ի տվյալները՝ նա պնդում է, որ նավթի ցածր գները չեն անդրադառնա ռուսական խոշորագույն էներգետիկ ընկերությունների վարկանիշի վրա: Ռապոզան ներկայացնում է նաեւ Standard & Poor’s-ի տվյալները, որոնց համաձայն, ԱՄՆ-ի նավթային եւ գազային ոլորտին բաժին է ընկնում երկրի խնդրահարույց պարտքերի ընդհանուր ծավալի 29%-ը: «Նավթագազային ոլորտի պարտքերը ճանաչվել են ԱՄՆ-ի արդյունաբերական բոլոր ոլորտներից վտանգավորության աստիճանով երկրորդը եւ կազմում են 79.6%: Դա շատ ավելի է, քան 2009 թվականին, երբ նավթագազային հատվածի պարտքերը կազմում էին 70%»,- գրում է Ռապոզան:
Տեղեկության համաձայն, անցյալ ամիս դեֆոլտի կամ պարտքերի վերաձեւակերպման գործարքների մասին հայտարարեցին ամերիկյան այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Energy XXI Ltd.-ն, Denver Parent Corp.-ը, PetroQuest Energy Inc.-ը եւ Chaparral Energy-ն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, Ռապոզան, միաժամանակ, նշում է, որ ռուսական ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ նավթ»-ի եւ «Նովատեկ»-ի վարկային վարկանիշը, Fitch-ի վարկածով, առաջիկա 6-12 ամիսներին անփոփոխ կմնա:
Forbes-ը նաեւ նշում է, որ ազգային արժույթի թուլացումը թույլ տալը խելացի որոշում էր, որը զգալիորեն օգնեց ռուսական էներգետիկ ընկերություններին:




























