Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի 75-ամյա բնակիչ Ռոզա Հարությունյանի վրա գայլի հարձակումից հետո գյուղացիներն ավելի զգուշավոր են դարձել. տնից աշխատում են գիշերները մենակ դուրս չգալ, կամ էլ դուրս գալու ժամանակ ավելի զգույշ լինել:
«Գյուղում կատարվածից հետո դեռ շոկից դուրս չենք գալիս, աշխատում ենք գիշերները դուրս չգալ: Գոմերի դռներն էլ ենք լավ փակում, որ գելը չմտնի ու անասուն գողանա: Միշտ էլ մտել ա գյուղ, անասուններ գողացել, բայց սենց բան չէինք տեսել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է Խաչիկի բնակիչներից տիկին Սոֆյան:
Սակայն, Խաչիկի գյուղապետի համար կատարվածն այնքան էլ սարսափեցնող չէ, նրա խոսքով, սահմանին ապրող ժողովուրդը ամեն ինչի դեմ կարողանում է պայքարել եւ գայլն այնքան էլ վտանգավոր գազան չէ. «Սահմանին ենք ապրում, քաջ ենք, ժողովուրդը թուրքից չի վախենում, ուր մնաց գայլի՞ց վախենա»,-կատակով ասում է գյուղապետը:
Նշենք, որ մարտի 21-ին, Վայոց ձորի Խաչիկ գյուղում գայլը անասնագոմի մոտ հարձակվել է 75-ամյա Ռոզա Հարությունյանի վրա: Կինը ձեռքերի ու դեմքի վնասվածք ունի, դեմքի մի մասը, կարելի է ասել՝ չկա:
Ռոզա Հարությունյանին Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում վիրահատել են, որը տեւել է 4 ժամ, վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: Հատուկ իմպլանտի միջոցով բժիշկներին հաջողվել է վերականգնել կոտրված աջ այտոսկրը: Աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց: 75-ամյա կնոջ վիճակն արդեն համեմաատաբար լավ է:



























