Հանրապետական կուսակցությունը պատրաստ է աշխատանքային քննարկում կազմակերպել եւ քննարկել ԱԺ ՀԱԿ խմբակցության մոտեցումները: Այս մասին այսօր` մարտի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը` անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկած բանակցությունների 4+4+4 ձեւաչափին:
«Թե մենք ինչ ձեւաչափով կմասնակցենք` 4, 5, թե 1, մենք կորոշենք: Դիմումը ժամեր առաջ է ընդամենն ուղարկել, երբ կքննարկենք, նոր կպատասխանենք: Մշտապես ասել ենք եւ մեր տեսակետն ունենք, պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով քննարկումների` ցանկացած տեղում, անկախ նրանից, թե քանի հոգով կգան: Աշխատանքային քննարկում կկազմակերպենք եւ եթե ունեն մոտեցումներ կքննարկենք եւ մեր պատասխանը կտանք»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դիմել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին` առաջարկելով Հայաստանում զանգվածային ընտրակեղծարարության վերացման եւ ընտրությունների միջոցով ժողովրդի կամարտահայտության ապահովման, ինչպես նաեւ ընտրությունների նկատմամբ հանրության հավատի վերականգնման նպատակով նոր Ընտրական օրենսգրքի ընդունման գործընթացը կառուցել լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա եւ որպես նման կոնսենսուսի կառուցման համար առանցքային գործիք առաջարկել բանակցությունների 4+4+4 ձեւաչափը՝ խորհրդարանում ներկայացված բոլոր 6 խմբակցությունների, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ իշխող կոալիցիայի, ընդդիմադիր խմբակցությունների եւ քաղաքացիական հասարակության հավասար ներկայացվածությամբ:





























