Կապանի զորամասում մարտի 24-ին գլխի հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Սեւակ Համբարձումյանը դեպքի նախորդ օրն է խոսել հոր հետ, բարձր տրամադրություն է ունեցել:

Այս մասին NEWS.am-ին պատմեց նրա հարեւաններից մեկը:

«Խոսել էր բարձր տրամադրությամբ, ասել էր, որ Զատիկի համար ուտելու բան ման  ուղարկեն»,- ասաց հարեւանը՝ զարմանք հայտնելով, որ նման տրամադրություն չէր կարող ունենալ լուրջ խնդրներ ունեցող երիտասարդը:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին` ժամը 09:20-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգարանում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային վիրավորումով հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սեւակ Հովհաննեսի Համբարձումյանը: Զինծառայողը Կապանի քաղաքային հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր: Զինծառայողի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն:

Նշենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ դեպքն է, երբ հայ զինծառայողը մահանում է  ոչ հակառակորդի գնդակից:

Սեւակը Երեւանից էր, բանակ էր զորակոչվել ամիսներ առաջ, ապրում էր հոր եւ մոր հետ, նրանց միակ զավակն էր: