Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռներից մեկում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի Փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը:
«Օդանավակայանի ամբողջ տարածքը ուսումնասիրել ենք, հետազոտել ենք ամեն ինչ, բայց ոչինչ չի հայտնաբերվել»,-ասաց նա:
Մուշեղ Ղազարյանը հրաժարվեց, սակայն, հայտնել, թե որտեղից են ահազանգը ստացել: Նա միայն հայտնեց, որ հատուկ ծառայություններն ահազանգողի ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տանում:
Նշենք, որ ԱԻՆ-ում մարտի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, թե Մոսկվայից ժամանող ինքնաթիռում ռումբ է լինելու:
Մինչեւ 22:00-ն ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցները խուզարկում էին օդանավակայանի տարածքը:
Խուզարկվել է նաեւ 20:35-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Երեւան ժամանած օդանավը։ Կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել, ինչից հետո օդանավը հետադարձ թռիչք է կատարել:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























