Հայաստանի նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը աշխատանքային եռօրյա այցով գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում: Դեռեւս 2009-ին Երեւանում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության եւ Ռուսաստանի համապատասխան գերատեսչության միջեւ: Հուշագիրը ենթադրում է երկու կառույցների միջեւ կապերի ամրապնդում ու փորձի փոխանակում: Երեւանում կնքված հուշագրի դրույթներն իրականացնելու եւ հետագա համագործակցությունը խորացնելու համար Հ. Հովսեփյանը եւ Կոնստանտին Չույչենկոն քննարկել են միմյանց աշխատանքի առանձնահատկությունները, հետագա պլաններն ու նախատեսվող աշխատանքի իրականացման մեխանիզմները:
Հովհաննես Հովսեփյանի եւ Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը ողջունել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով արդյունավետ համագործակցություն է մաղթել Հայաստանի եւ Ռուսաստանի Վերահսկողական ծառայություններին:
«Եվս մեկ անգամ փորձեցինք հասկանալ ՌԴ նախագահի վերահսկողական ծառայության աշխատանքի ուղղությունները: Դրանք հիմնականում բաժանվում են երեք մասի՝ պաշտպանական, տնտեսական- ֆինանսական ուղղություններ եւ պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի կատարման վերահսկողություն»,- նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովսեփյանն ու հավելել. «Մեր հանրապետությունում եւս նախագահը շատ մեծ ուշադրություն է դարձնում Վերահսկողական ծառայության բացահայտած խախտումներին: Հայաստանում եւս բազմաթիվ մարդիկ կան, ովքեր պատժվել են անբարեխիզճ գործունեության համար»:
Հ. Հովսեփյանիր այցի ընթացքում հանդիպելու է նաեւ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ ՌԴ գլխավոր դատախազի հետ, իսկ Սանկտ-Պետերբուրգում նրա գլխավորած պատվիրակությանն ընդունելու է նահանգապետ Վալենտինա Մոտվիենկոն:





























