ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ենթադրում է, որ դատապարտված ուկրաինուհի զինծառայող Նադեժդա Սավչենկոն պատիժը կկրի Մորդովիայում եւ գեղարվեստական ինքնագործունեության ակտիվ մասնակից կլինի։

«Քանի դեռ փոխանակում տեղի չի ունեցել, եթե այդ աղջկան տանեն Մորդովիայի գաղութներից մեկը, կարծում եմ, նա այնտեղ կդառնա գեղարվեստական ինքնագործունեության ակտիվ մասնակիցներից մեկը»,- ասել է Մարկինը «Վեստի FM»-ի եթերում՝ ակնարկելով երգելու նրա տաղանդը։

«Միայն թե կարծում եմ, որ գաղութում կարող են չհավանել նրա երգացանկը»,- հավելել է Մարկինը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ռոստովի մարզի Դոնեցկի դատարանը Սավչենկոյին դատապարտել է 22 տարվա ազատազրկման Լուգանսկի մոտ ռուս լրագրողների սպանության համար։

Դատարանի վճիռը Սավչենկոն ընդհատել էր երգեցողությամբ։

Դատավճիռը կայացնելուց հետո Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել էր, որ պատրաստ է Սավչենկոյի փոխարեն Մոսկվային հանձնել Ուկրաինայում ձերբակալված 2 ռուսաստանցիներին։