Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում մարտի 24-ին ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մարտի 24-ի երեկոյան Բագրատունյաց փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժանմունք բերման են ենթարկվել քրեական հեղինակություններ «Կիլիկիացի Հարութիկը» եւ «ջրվեժցի Արջուկ Մխոն»։
Նրանց ոստիկանության բաժին տանելու պատճառը եղել է մեքենայում հայտնաբերված զենքերը, թմրանյութը։ Մեզ հայտնի է դարձել, որ բացի դրանցից՝ նրանց մոտ հայտնաբերվել են նաեւ կեղծ թղթադրամներ։ Երկուսն էլ ձերբակալված են։ Նշանակվել է մի քանի փորձաքննություն, կատարվում է քննություն։ Նշված մականունավորների ձերբակալությունը մեզ հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից։
Ենթադրվում է, որ քրեական հեղինակությունների ձերբակալությունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ օրեր առաջ կրիմինալի դեմ հայտարարած պայքարի շրջանակում է։





























