ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբի, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրված` ՀՀ ԱԺ պատգամավոր, Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանի գրավոր դիմումները:

«ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով վերոնշյալ դիմումները ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով»,-այս մասին ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը դիմել է գլխավոր դատախազություն, որտեղ նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հրազդանի հանրակրթական դպրոցներ ու փորձել ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Նրանք տեսանկարահանել են Նիկոլ Փաշինյանի այցելությունները եւ ակնկալում են, որ գլխավոր դատախազությունը պատասխանատվության կենթարկի նրան «ընտրական գործընթացի այդ կոպիտ խախտումների համար»:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը դիմել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին, պարզելու համար, թե ովքեր են իրեն հետեւել եւ լուսանկարել Հրազդանում, ում հանձնարարությամբ եւ արդյոք նրանք զինված են եղել: Ինչ վերաբերում է դպրոցներ այցելելուն, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Տնօրենների հետ քննարկել եմ դպրոցները ընտրական եւ քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելու, աշակերտների միջոցով ծնողներին քարոզչական ճմշումների ենթարկելու արատավոր պրակտիկայից հեռու պահելու անհրաժեշտության հարցը։ Մի քանի օր առաջ նույն հարցը քննարկել եմ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ»: