«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է մարտի 24-ին՝ ի պաշտպանություն Գեւորգ Սաֆարյանի անցկացված խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների եւ մի խումբ այլ քաղաքացիների հանդեպ ոստիկանության գործողություններն ու համարում ոչ իրավաչափ:
Կոալիցիայի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հասցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, բռնի ուժ են կիրառել, որի արդյունքում «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության անդամ Ռուզան Եղնուկյանը ստացել է գլխի բաց վնասվածք,բերման են ենթարկվել տասնյակ քաղաքացիներ:
Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» օրենքը նախատեսում է, որ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա Ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին։ Թեկուզ առանց իրազեկման, բայց խաղաղ բնույթ ունեցող հավաքը ցրելու անթույլատրելիության եւ այդպիսի հավաքին աջակցելու Ոստիկանության պարտականության մասին իրավական դիրքորոշում է արտահայտվել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներում: Բացի այդ ոստիկանության գործունեությունը կարգավորող իրավական ակտերն արգելում են ոստիկանին ծառայողական պարտականություններն իրականացնելիս որեւէ վերաբերմունք, դիրքորոշում արտահայտել, կամ գնահատականներ հնչեցնել քաղաքական որեւէ երեւույթի, գործընթացի կամ դրանցում ներգրավված անձանց վերաբերալ, այնինչ ակցիայի ժամանակ ոստիկանները հայհոյել եւ անարգել են քաղաքացիներին:
Կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մանրամասն քննել Ոստիկանության ծառայողների ոչ իրավաչափ գործողությունները:
Պահանջում ենք ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից՝ որպես ՀՀ Ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացնողի, իրենց դիրքորոշումն արտահայտել վերոնշյալ երեւույթների վերաբերյալ:
Վերահաստատում ենք այն սկզբունքը, ըստ որի Ոստիկանության աշխատանքը արդյունավետ է միայն այն դեպքում, երբ ոստիկանությունը կանգնած է մարդու իրավունքների պաշտպանության առաջնագծում՝ երաշխավորելու օրենքի գերակայությունը եւ ոստիկանության բարձր չափանիշները»:



























