Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած եւ գործով  որպես մեղադրյալ կալանավորված Արթուր Գեւորգյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Նման որոշում  այսօր` մարտի 25-ին, կայացրել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը:

«Վերաքննիչը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի  կալանքի մասին որոշումը եւ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը: 500 հազար վճարելու դեպքում Արթուրը կազատվի կալանքից»,- NEWS.am-ի թղթակցին հայտնել է փաստաբան Համլետ Դավթյանը:

Նշենք, որ Արթուր Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել: Փաստաբանի խոսքով՝ Արթուր Գեւորգյանն իր ծնոտին հասցված հարվածների հետեւանքով կծել է լեզուն եւ վնասել այն, բացի այդ՝ ցավեր ունի թոքերի շրջանում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ մարտի 8-ին տեղի ունեցած միջադեպի գործով նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի բաժնում քաղաքացի Արթուր Գ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազը օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նշենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ միջադեպին մասնակցել է նաեւ Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը, որի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են: