Անվտանգության ոչ մի համակարգ ի վիճակի չէ կանխել արդեն պլանավորված ահաբեկչությունը. եթե որպես ահաբեկչության վայր է ընտրվել Բրյուսելը, գրեթե անհնար է այն կանխել։ Այս մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ եվրոպական անվտանգության համակարգում իհարկե թերացումներ են եղել։ «Սակայն ես չէի ցանկացա դա առաջին տեղում դնել։ Կարծում եմ, որ Եվրոպայի անվտանգության համակարգը նորմալ գործում է։ Այստեղ դեր է խաղացել փախստականների ճգնաժամը։ Այդուհանդերձ պարզ է մեկ բան. օդանավակայանը՝ որպես ռազմավարական օբյեկտ, պետք է ավելի խիստ հսկողության տակ լինի»,- ասաց Մանուկյանը։
Նրա կարծիքով միգրացիոն ճգնաժամից ավելի խորը խնդիր է անվտանգության ուժերի աշխատանքը։ «Ըստ իս՝ էական դեր է խաղում քաղաքակիրթ եւ գաղափարական բախումը, որի մասին ասել է դեռ Սեմյուել Հանթինգթոնը։ Մարդիկ բոլորովին այլ արժեքային համակարգում են ապրում, եւ երբ այդ մարդիկ գալիս են Եվրոպա, նրանք բնականաբար պետք է փորձեն թելադրել իրենց արժեքային համակարգը։ Հենց այդ բախումն էլ հանգեցնում է Եվրոպայում նման դրսեւորումների»,- ասաց Մանուկյանը եւ նշեց, որ Եվրոպան, ցավոք, չի ցանկանում գիտակցել դա եւ ընդունել։





























