Ռուսաստանը տարիներ շարունակ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցողական մասնակիցներից մեկը ու չի ուզում իրեն վերագրել Ադրբեջանի նախագահի հանդիմանությունը: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մի կողմից պետք է ադրբեջանական կողմից պարզել, թե հատկապես ո՛ր համանախագահի մասին է խոսքը: Մյուս կողմից էլ  մենք չենք կարող համարել, որ այդ հանդիմանանությունը մեզ էր վերաբերում, քանի որ մենք տարիներ շարունակ դրսեւորել ենք մեզ որպես բանակցային գործընթացի կառուցողական մասնակից», ասել է Զախարովան:

Նրա խոսքով, դրված նպատակների իսկությունն ապացուցված է, քանի որ Մոսկվան ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հավասար ուզում է լուծել այս բարդ իրավիճակը, որը տարիներ շարունակ երկկողմանի հարաբերությունների խոշորագույն խնդիրն է եղել: «Մենք շատ ենք ուզում, որ այս խնդիրը վերջապես դուրս գա օրակարգից, գտնել դրա լուծումը միջազգային իրավունքի, իրավահավասարության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Նովրուզի տոնի առթիվ, հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների որոշ գործողություններ սադրիչ բնույթ ունեն: Մասնավորապես,  բացատրելով Եվրոպայի խորհրդում Լեռնային Ղարաբաղի հարցով ադբեջանամետ բանաձեւի ձախողումը, Ալիեւը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք մանդատ են ստացել տվյալ հարցով զբաղվելու համար, իրենց ապակառուցողական գործունեությամբ նպաստում են հակամարտության սառեցմանը, գերազանցելով իրենց լիազորությունները եւ միջամտելով միջազգային կազմակերպություննեի աշխատանքին: